Լոռի Բերդ


ԼՈՌԵ, Լոռի, միջնադարյան քաղաք և ամրոց (Լոռի բերդ): Ավերակները գտնվում են Ստեփանավանի շրջանում, շրջկենտրոնից մոտ 5 կմ հյուսիս-արևելք, Ձորագետի ձախ ափին: Հիմնադրել է Դավիթ Անհողինը, հավանաբար՝ 1005-1020 թթ-ին: 1065-ին, Շամշուլդե քաղաքը վրաց Բագրատ Դ թագավորին զիջելուց հետո, Կյուրիկե Ա (1049-1089) Լոռին դարձրեց Կյուրիկյան. թագավորության մայրաքաղաք: Գտնվելով հյուսիսային առևտրական ճանապարհի վրա՝ Լոռին եղել է առևտրաարհեստագործական խոշոր կենտրոն միջնադարյան Հայաստանում. առևտրական ճանապարհներով կապված էր Անիի, Դվինի, Դմանիսի, Տփղիսի և ուրիշ քաղաքների հետ: XI-XIII դդ. ունեցել է շուրջ 10 հզ. բնակիչ: Քաղաքի առաջին պարսպի մեջ պարփակված տարածությունը (մոտ 9 հա) միջնաբերդի դեր է կատարել:
Լոռի Բերդի ավերակները գրավում են 35 հա տարածություն, փռված են ընդարձակ, հրվանդանանման, ծովի մակարդակից 1490 մ բարձր սարահարթի վրա, Ձորագետի և դրա վտակ Միսխանայի միջև, որոնց խորը կիրճերը երեք կողմից անմատչելի են դարձրել ամրոցը: Միջնաբերդի համեմատաբար դյուրամատույց կողմից՝ հյուսիս-արևմուտքից ձգվել է 214 մ երկարությամբ, իրար հաջորդող կլոր և քառանկյունի աշտարակներով պարիսպ, որի հյուսիս-արևմտյան անկյունում է միակ մուտքը: Պարսպի լայնությունը տեղ-տեղ հասել է 20, բարձրությունը՝ 20—25 մ: Պարսպի երկարությամբ Փորվել է ջրի խանդակ: Միջնաբերդի պարսպից մոտ 500 մ հյուսիս-արևմուտք ձգվել է քաղաքի պարիսպը, որը համարյա չի պահպանվել: Բացի բնական արգելքներից, միջնաբերդի կիրճերում կառուցվել են նաև արհեստական պատնեշներ: Սկզբում Կյուրիկյանները, ապա՝ Զաքարյաններն ու նրանց հաջորդները Լոռիում կառուցել են պալատներ, եկեղեցիներ, բաղնիքներ, արվարձանները քաղաքից բաժանող կիրճերում՝ կամուրջներ, կանգնեցրել խաչքարեր: Կառուցվել է նաև գետնուղի, որը հասել է մինչև Միսխանա գետն ու ավարտվել աշտարականման կառույցով: Այն օգտագործել են արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու և անհրաժեշտության դեպքում խմելու ջուր ձեռք բերելու համար:
Լոռի Բերդից գտնվել են աշխատանքի գործիքներ, զենքեր, զարդեր, կավե բազմապիսի անոթներ և ծխամորճներ, ապակե ջրամաններ, ճենապակյա, հախճապակյա, ոսկրե և քարե առարկաներ, դրամներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ Լոռիում զարգացած են եղել արհեստների բազմաթիվ ճյուղեր: Կան նաև այլ երկրներից (մասնավորապես՝ Վրաստանից, Պարսկաստանից, Միջին Ասիայից և Միջագետքից) ներմուծված առարկաներ:

Հնեվանք


Հնեվանք վանքային համալիրը գտնվում է Լոռու մարզի Կուրթան գյուղից արևելք, Ձորագետի աջ ափին։ Խաչաձև գմբեթավոր եկեղեցին` կառուցված (VIIդ.) սրբատաշ ֆելզիտից, արտաքուստ ուղղանկյուն է, ներքուստ` եռաբսիդ, ուղղանկյուն` արևմտյան թևով, անկյուններում` ավանդատներով։
Թմբուկի վրա եղած արձանագրության համաձայն, եկեղեցին 1144թ.-ին վերանորոգել է Սմբատ Օրբելյանը։ XII-XIIIդդ. Հնեվանքը եղել է քաղկեդոնական։
Եկեղեցուն արևմուտքից կից գավիթը, ըստ մուտքից վեր գտնվող արձանագրության, կառուցվել է 1186-1206թթ.-ին։ 2006թ. սկսվել են վերանորոգման աշխատանքները:


Դենդրոպարկ


35 հա տարածք ընդգրկող բուսաբանական այս այգին, որտեղ աճում են տարբեր երկրներից բերված բազմատեսակ բույսեր, հիմնադրվել է 1931թ-ին, Էդմոն Լեոնովիչի կողմից: Գտնվելում է Ստեփանավանից 12,5 կմ հեռավորության վրա:
Այս հրաշք բուսաբանական այգում կարելի է հետաքրքիր ժամանակ անցկացնել ուսումնասիրելով գեղեցկատես բույսերի տեսականին ու նրանց պատմությունը: Այստեղ Լեոնովիչի որդին աճեցնում ու վաճառում է մշտադալար ծառեր ու թփեր:
Այգու հավաքածուն ընդարձակվել է նոր կառուցված արահետների հաշվին, ինչը անտառը դարձրել է առավել հմայիչ: Անդրկովկասի ենթալպյան գոտում այս այգին առաջինն է, որտեղ բնական անտառը վերաձևավորվել է անտառային այգու: Ստեփանավանի Դենդրոպարկը բաղկացած է բնական անտառից և զարդանախշերով բույսերից, ծառուղիներից /Tilia cordata/, վայրի ծագում ունեցող Juglans, Malus, Populus, Pyrus բուսատեսակներից: Բույսերի մեծ մասը բերվել են Երևանի բուսաբանական այգուց Թիֆլիսի /Վրաստան/, Կիևի / ՈՒկրաինա/, Նիկիտսկիի /Ուկրաինա/, Լենինգրադի և Մոսկվայի /Սովետական Միություն/, ինչպես նաև հեռավոր արևելքի հետ իրականացված միջազգային փոխանակման ծրագրի արդյունքում: Բույսերի բազմաթիվ տեսականիներ են ստացվել նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Չինաստանից և ԱՄՆ-ից: Ներկայումս, այստեղ ներկայացված են ավելի քան 500 բուսատեսակներ:
Ծովի մակերևույթից 1550մ բարձրության վրա գտնվող բուսաբանական այգին ունի ցուրտ կլիմա: Անձրևի տեղումները կազմում են տարեկան 550մմ: Դեկտեմբեր ամսից մինչև մարտ այստեղ ձյուն է նստած: Բույսերի այս հավաքածուն իրենից գիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում հնարավորություն տալով ուսումնասիրել նոր կլիմայական պայմաններում աճող բույսերի զարգացման փոփոխությունները: Իր գոյության 70 տարիների ընթացքում ավելի քան 2500 բուսատեսակներ են փորձարկվել, ջանալով գտնել նոր տեսակեր, որոնք կարող են աճել այստեղ: Ներկայումս միայն 500 բուսատեսակներ են գտնվել հարմար, որոնք կարող են աճել ծայրահեղ բնական պայմաններ ունեցող այս տարածաշրջանում:
Բուսատեսակների պահպանության և բազմացման հետ միասին, այգին ունի նաև այլ այնպիսի բույսեր, որոնք կարող են օգտագործվել ծառատնկումների համար:

Մայորի ձոր


Մայորի ձորը գտնվում է Ձորագետի կիրճում, որը Ստեփան Շահումյանի և նրա բոլշևիկ ընկերների համար ծառայել է որպես հանդիպման գաղտնի վայր: Այն բավականին հեշտ է գտնել: Ձորի պռնկին գտնվում է մի փոքրիկ այգի, որտեղ տեղադրված է Ստեփան Շահումյանի արձանը, իսկ աստիճաններն առաջնորդում են դեպի կոմունիստների քարանձավները: Առաջին քարանձավը բավականին փոքր է, որին մագլցելով կարելի է հասնել Ստեփան Շահումյանի և նրա ընկերների մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար: Աստիճանները վերջանում են մեծ քարանձավի մոտ զարդարված փորագրություններով: Քարանձավներից հոսող ջուրը պիտանի է խմելու համար, ինչն էլ հնարավորություն է տվել հեղափոխականներին հեռու մնալ իշխանությունների աչքից: